ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ահաբեկիչները զանգվածային կողոպուտներ են սկսել Հալեպ քաղաքում և առևանգում են մարդկանց։ Տեղեկությունը հայտնում է սիրիական «SANA» պետական գործակալությունը:
«Ահաբեկչական խմբավորումները ջարդում և թալանում են հանրային ու մասնավոր սեփականություն հանդիսացող գույքը, մտնում են մարդկանց տներ՝ առգրավելով անձնական իրերը և առևանգելով մարդկանց», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։
Նշենք, որ 2011 թվականին սկսված ճգնաժամի ընթացքում առաջին անգամ ահաբեկիչները գրավել են Հալեպը։ Զինված ընդդիմությունը մինչև 2016 թվականի ավարտը վերահսկում էր քաղաքի միայն արևելյան հատվածը, սիրիական բանակը ՌԴ օդատիեզերական ուժերի աջակցությամբ դուրս մղեց նրանց։