ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 2-ին լրացել է նշանավոր խորհրդային զորահրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի ծննդյան 127-ամյակը։ Այս մասին «Ֆեյսբուքի» էջում հիշատակել է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։
«Նրա անունը ընդմիշտ կապված է Հայրենական մեծ պատերազմի ռազմավարական հաղթակռիվների հետ՝ մարտը Կուրսկի աղեղում (1943թ. հուլիս-օգոստոս), Բելառուսական ԽՍՀ և Լիտվայի և Լատվիայի ԽՍՀ-ների մի մասի ազատագրման «Բագրատիոն» գործողությունը (1944թ. հունիս-օգոստոս) և Քյոնիգսբերգի գրավումը (1945թ. ապրիլ)։ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները երբեք չեն մոռանա այն ավանդը, որը Բաղրամյանը ներդրել է Հայրենական մեծ պատերազմում մեր ընդհանուր հաղթանակի գործում գերմանական նացիզմի դեմ»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Հովհաննես Բաղրամյանը ծնվել է 1897 թվականի դեկտեմբերի 2-ին, Գանձակում, Չարդախլու գյուղում։
Նա 11-րդ գվարդիական բանակի 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի, ինչպես նաև Մերձբալթյան ռազմական օկրուգի հրամանատար է եղել։
Հայրենական մեծ պատերազմում մարտերին մասնակցելով` Բաղրամյանը բարի անուն է թողել Էստոնիայում, Լատվիայում, Կալինինգրադի մարզում։ 1954 թ․ նշանակվել է պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ, իսկ 1955-ին՝ ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար և ստացել Խորհրդային Միության մարշալի կոչում։ Նա նաև ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետն էր և ԽՍՀՄ ռեզերվային ուժերի հրամանատարը։
Մարշալը մահացել է 1982 թվականի սեպտեմբերի 21-ին, Մոսկվայում։ Թաղված է Կրեմլի պատի պանթեոնում: