ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. 2023 թվականի հոկտեմբերից Իսրայելի գործողությունների արդյունքում Գազայի հատվածում 33 իսրայելցի պատանդ է զոհվել։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՀԱՄԱՍ շարժումը։
«Երեսուներեք սիոնիստ գերիներ զոհվել են, իսկ ոմանց հետքերը կորել են վարչապետ Նեթանյահուի և նրա ֆաշիստական բանակի հանցավոր գործողությունների պատճառով»,-ասվում է շարժման հայտարարության մեջ:
Իսրայելի տվյալների համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ է մնում 101 մարդ, այդ թվում նրանք, ովքեր ենթադրաբար զոհվել են: Հակամարտության սկսվելուց ի վեր գերությունից հաջողվել է վերադարձնել 154 մարդու, այդ թվում՝ զոհված պատանդների մարմինները, որոնք դուրս են բերվել Գազայի հատվածից: Գերության մեջ գտնվողների թվում կան կանայք, երեխաներ և տարեցներ, որոնք պահվում են ավելի քան 400 օր։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժել են սահմանամերձ շրջաններ, հարձակվել զինվորականների և խաղաղ բնակիչների վրա, ինչպես նաև ավելի քան 200 պատանդ վերցրել: Իշխանությունների տվյալներով՝ այդ օրը զոհվել է մոտ 1,2 հազար իսրայելցի։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որն ուղեկցվում էր քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հարվածներով: Իսրայելը նաև հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցնելով ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումը: Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հակամարտության սկզբից զոհվել է ավելի քան 44,4 հազար պաղեստինցի, վիրավորվել է ավելի քան 105,3 հազարը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։ Մոսկվան հայտարարել է, որ կարգավորումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա, որոնք ենթադրում են պաղեստինյան պետության ստեղծում 1967 թվականի սահմաններով՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: