Դատարանը պարտավորեցրել է քաղաքին վերադարձնել Երվանդ Զախարյանի օրոք օտարված հողամասը

Հակակոռուպցիոն դատարան
Հողամասն օտարելիս առկա չի եղել տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը պարտավորեցրել է Երևան քաղաքին վերադարձնել Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշին փողոցին հարող, 1.286 հա մակերեսով հողամասը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, դատարանը բավարարել է գլխավոր դատախազության ներկայացրած հայցը և անվավեր է ճանաչել Երևանի քաղաքապետի ու Կ.Պ.-ի միջև 2005 թվականի հունիսի 20-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դեռ 2023 թվականին հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի (2005 թվականին Երևանի քաղաքապետը Երվանդ Զախարյան էր. խմբ) և Կ.Պ.-ի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը:
Ըստ դատախազության հիմնավորման՝ պայմանագիրը հակասում է Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջին, այսինքն՝ առկա չի եղել վերոնշյալ հողամասն օտարելու վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմնի որոշում:
Երվանդ Զախարյանը Երիտասարդական պալատն օտարել է կադաստրային արժեքից 12 անգամ պակաս գնով