ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Այսօրվանից հնարավոր է արդեն ավտոբուսներում, միկրոավտոբուսներում և տրոլեյբուսներում վճարել բանկային քարտով։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նա շեշտեց՝ մետրոյում դեռևս բանկային քարտերով վճարումները չեն գործում։
Նրա խոսքով՝ միջնորդավճարներ նախատեսված չեն, դրանք վճարվում են «Telcell»-ի կողմից։
«Եթե վստահ չեն մեր քաղաքացիներ, որ գիտեն իրենց և բանկի միջև պայմանները, լրացուցիչ ճշտում կատարեն իրենց քարտի թողարկման պայմանների մասով, որ վստահ լինեն՝ այստեղ լրացուցիչ վճարներ գանձման ենթակա չեն»- ասաց Գրիգորյանը։
Նշենք, որ խոսքը ՀՀ-ում գործող բանկերի կողմից թողարկված բանկային քարտերի մասին է։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նաև հավելեց, որ դեռևս չի գործում հեռախոսներով NFC վճարման համակարգը, շուտով այն ևս հասանելի կլինի։
Քաղաքապետարանի պատասխանատուները հորդորում են քաղաքացիներին խնդիրների դեպքում տեղեկացնել, որ հնարավոր լինի արագ շտկել դրանք և համակարգը նաև մետրոյում գործարկել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից Երևանի բոլոր ավտոբուսներում և մետրոյում ուղևորներն արդեն պարտադիր պետք է վճարեն կա՛մ էլեկտրոնային վալիդատորների միջոցով (QR կոդերով), կա՛մ 100 դրամ գցեն հատուկ սարքի մեջ։