Արդեն երկու տարի Հայաստան քաղաքացիներին կենսաչափական անձնագրեր չեն տրամադրվում։ Անվտանգային ամենաբարձր չափորոշիչներով կենսաչափական փաստաթղթերի համակարգը Հայաստանում նախատեսվում է ներդնել ևս երկու տարի անց` 2026 թվականին:
Թե միջազգային որ ընկերությունը կդառնա հայաստանյան նոր սերնդի կենսաչափական անձնագրերի մատակարարը, կորոշվի պետության հայտարարած միջազգային մրցույթի արդյունքում։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 8-ն է։ Դրանից հետո 80 օր կտևի հայտերի գնահատման գործընթացը, մարտի 31-ին հայտնի կդառնա հաղթող կազմակերպությունը, որի հետ պայմանագիրը կկնքվի 2 ամսվա ընթացքում` մինչև մայիսի 31-ը։
Ներկա պահին հայտավորված 3 թեկնածու կա`1 ամերիկա–ֆրանսիական և 2 գերմանական կազմակերպություններ։ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը Sputnik Արմենիային հետ զրույցում վստահեցրել է, որ 3 ընկերություններն էլ հետաքրքրված են Հայաստանի հետ աշխատելու հեռանկարով, այցելել են Հայաստան, ծանոթացել նոր համակարգերի համար նախատեսված ենթակառուցվածքներին։