2024թ–ի բյուջեի կատարողականի տվյալները վկայում են, որ ցուցանիշների թերակատարումը պայմանավորված է գործող իշխանությունների կառավարման ցածր մակարդակով. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Լույս» հիմնադրամի տնտեսական հետազոտությունների խմբի ղեկավար Սոնա Ղարիբյանը։
«Կառավարման ցածր մակարդակը խոսում է կադրերի պատրաստվածության, ճկունության, փորձառության բացակայության մասին։ Այսինքն` այդպես էլ այս իշխանություններին չի հաջողվում կառավարման բավարար արդյունավետություն ապահովել, որպեսզի այդ պատկերը չունենանք»,– նշում է տնտեսագետը։
Արդյունքում` տարվա 9 ամիսների տվյալներով` եկամուտները թերակատարվել են. հարկային եկամուտների մասով 7.8 տոկոսով կամ 150 մլրդ դրամով, ծախսերը`13 տոկոսով կամ 290 մլրդ դրամով։ Ընդ որում, կապիտալ ծախսերի թերակատարումը ավելի քան 2 անգամ գերազանցել է ընթացիկ ծախսերի թերակատարման ցուցանիշը։