ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Սիրիայի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերն ակտիվացրել են կետային հարվածները ահաբեկիչների դիրքերին, նրանց տեղափոխման և մատակարարման գծերին արաբական հանրապետության տարածքում: Այս մասին հայտնել է Սիրիայի ԶՈւ գլխավոր հրամանատարությունը Սիրիայի ՊՆ Facebook-ի էջում հրապարակված հայտարարության մեջ (արգելված է Ռուսաստանում, պատկանում է Meta կորպորացիային, որը ՌԴ-ում ծայրահեղական է ճանաչվել):
«Սիրիական և ռուսական ռազմաօդային ուժերն ակտիվացրել են կետային հարվածները ահաբեկիչների տեղաշարժի երթուղիներին, նրանց բազաներին, շտաբներին, զենքով և զինամթերքով պահեստներին։ Ուղիղ հարվածների արդյունքում տասնյակ գրոհայիններ ոչնչացվել են և վիրավորվել», - ասվում է հայտարարության մեջ։
Հաղորդվում է նաև Համա նահանգի հյուսիս լրացուցիչ սիրիական ռազմական ուժերի տեղափոխման մասին:
«Հարձակողական գործողություններն ուժեղացնելու համար այդ շրջան են ուղարկվել անձնակազմ, ծանր սպառազինություն և հրթիռային կայանքներ։ Այդ միջոցները ձեռնարկվել են մարտական գործողությունների շրջանից զինյալների զանգվածային փախուստի ֆոնին»,- ընդգծել են սիրիական հրամանատարությունում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի* զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա, ինչը հանգեցրել է կատաղի բախումների: Սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին, ինչպես նաև կենդանի ուժին:
Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը մինչ այդ շտապ տարհանվել են։
* Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։