Իրակլի Կոբախիձեն բացառում է խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը

Վրաստանի վարչապետը նշել է, որ դեկտեմբերի 29-ին Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի դուրս գալ նախագահական նստավայրից ու այն զիջել լեգիտիմ ընտրված նախագահին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բացառում է խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը, գրում է Sputnik Գրուզիան։
Նա նշել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նստավայրը՝ նախագահական պալատը, չնայած հրաժարվում է իր մանդատի ավարտից հետո հրաժարական տալ։
«Տիկին Զուրաբիշվիլիին մնացել է չորս ուրբաթ, նա չի կարողանում դրա հետ հաշտվել: Ես հասկանում եմ նրա հուզական վիճակը, չնայած դեկտեմբերի 29-ին նա ստիպված կլինի դուրս գալ նստավայրից ու այն զիջել լեգիտիմ ընտրված նախագահին: Նա պարտվել է հոկտեմբերի 26-ի ընտրություններում: Նա պայքարում էր, որպեսզի արմատական ընդդիմությունը հաղթեր խորհրդարանական ընտրություններում և ինքը երաշխիքներ ստանար պաշտոնավարումը շարունակելու համար: Բայց նա ծանր պարտություն կրեց», - ասել է վարչապետը:
Երեկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ պաշտոնից չի հեռանա՝ չնայած իր մանդատի ավարտին, քանի որ խորհրդարանը «ոչ լեգիտիմ է»։
Նրա նախագահական ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին։ Նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան դեկտեմբերի 14-ին։
Վրաստանում բողոքի ակցիաներ են սկսվել նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ Կոբախիձեն հայտարարեց՝ մինչև 2028 թվականը ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները կդադարեցվեն։