Ինչու կործանվեց B55 ինքնաթիռը Հայաստանում. հայտնի է իրական պատճառը

Ավիավթարներն աշխարհում, առավել ևս Հայաստանի նման փոքր երկրի համար, հազվադեպ երևույթ են։ Ներկայացնում ենք՝ ինչն է դարձել աղետի պատճառը, որը երկրի ավիացիայի պատմության մեջ քչերից մեկն է:
Sputnik
Երկու տարի առաջ՝ դեկտեմբերի 1-ին, Կոտայքի մարզի օդային տարածքում վթարի ենթարկվեց Beechcraft Baron 95-B55 թեթև շարժիչով ինքնաթիռը: 2022 թվականի դեկտեմբերի 6-ին արդեն սկսեց աշխատանքը Ավիացիոն պատահարի հետաքննության հանձնաժողովը։ Ինքնաթիռի կործանման վերաբերյալ միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) կողմից կատարված վերջնական զեկույցը հայտնվել է Sputnik Արմենիայի տրամադրության տակ։
Հետաքննությանն աջակցել են ՀՀ վարչապետի որոշմամբ կազմավորված հանձնաժողովի անդամները, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ինչպե՞ս է B55-ը հայտնվել Հայաստանում

Beech 95-B55 ինքնաթիռն արտադրվել է 1969 թվականին՝ ԱՄՆ-ում։ Օդանավը շահագործվել է մասնավոր անձի կողմից։ Նշվում է, որ ինքնաթիռը վերջին անգամ գրանցվել է 2021 թվականին Սլովակիայի տրանսպորտի նախարարության կողմից: Այս ամբողջ ընթացքում օդանավը եղել է մասնավոր անձի տրամադրության տակ և վաճառվել է մեկ այլ մասնակցի (գնորդը չի նշվում)։
Հայտնի է, որ ինքնաթիռը 2022 թվականի նոյեմբերի 29-ին Պրշիբրամ օդանավակայանից (Չեխիա) տեղափոխվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան (Հայաստան)։ Թռիչքը կատարել են Չեխիայի քաղաքացի հանդիսացող օդանավի հրամանատարը և օդաչուն։
Ընդ որում, ինքնաթիռն ի սկզբանե պետք է «Զվարթնոց» օդանավակայան ժամաներ 2022 թվականի նոյեմբերի 28-ին և Ռուսաստան մեկներ նոյեմբերի 30-ին։ Սակայն, անհայտ հանգամանքներում, ամսաթվերը տեղափոխվել են. փաստացի, Անկարայի օդանավակայանից թռիչքն իրականացվել է նախատեսվածից ուշ, իսկ «Զվարթնոցում» վայրէջք է կատարվել նոյեմբերի 29-ի առավոտյան: Թե որ փուլում է եղել ուշացումը՝ հայտնի չէ։
Երևանում ինքնաթիռն անմիջապես փոխանցվել է սեփականատիրոջը։ Նույն օրը «Ռոսավիացիայի» փոխադրումների կարգավորման և միջազգային համագործակցության վարչությունը ինքնաթիռի հետագա տեղափոխման համար մեկանգամյա թռիչք իրականացնելու թույլտվության հարցում է ստացել:
Փոխադրումը հանձնարարվել է Ռուսաստանի քաղաքացի այլ օդաչուների։ Նրանցից մեկը 43 տարեկան էր (ուներ բարձրագույն (ոչ թռիչքային) կրթություն), ընդհանուր թռիչքաժամանակը՝ 100 ժամ: Երկրորդը 39 տարեկան էր, նրա թռիչքաժամանակը ևս կազմում էր 100 ժամ, նա նույնպես թռիչքային կրթություն չուներ, բայց ըստ փաստաթղթերի՝ օդանավի կառավարման նրա հմտության մակարդակը համապատասխանում էր «մեկ շարժիչով ինքնաթիռ, ցամաքային» որակավորման նշումով մասնավոր օդաչուի վկայական ստանալու թեկնածուին ներկայացվող պահանջներին: Երկու օդաչուներն էլ անգլերենի իմացության մակարդակի համար չեն թեստավորվել ICAO-ի (Քաղավիացիայի միջազգային կազմակերպություն) սանդղակով, ինչը կարևոր է երթակարգավարների հետ հաղորդակցվելու համար:
Նոյեմբերի 30-ին նրանք թռիչքի թույլտվություն են ստացել, և այն պետք է իրականացնեին 48 ժամվա ընթացքում։
Վթարի վայրում
Հատկանշական է, որ ինքնաթիռը Երևանից պետք է մեկներ Անկարա, իսկ արդեն այնտեղից՝ Աստրախան, սակայն այս անգամ ևս, չճշտված պատճառներով, նոյեմբերի 30-ին երթուղին փոխվել է: Ռուս օդաչուները Երևանից ուղիղ մեկնել են Աստրախան։
Տեխսպասարկման մասով օդաչուներին օգնել են չեխ գործընկերները։ Նրանք, ինչպես և սպասվում էր, մեկնելուց հինգ ժամ առաջ ժամանել և նախապատրաստել են այն ամենը, ինչ անհրաժեշտ էր։

Ավիավթարի օրը

Ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից թռել է ժամը 09:00-ին, 11 րոպե անց դիսպետչերը կորցրել է կապը նավի հրամանատարի և օդաչուի հետ: Օդանավի վերջին կետը գրանցվել է ժամը 09:13-ին՝ ծովի մակարդակից 2140 մ բարձրության վրա:
Վթարի հետևանքով երկու օդաչուները զոհվել են, ինքնաթիռը բաժանվել է մասերի, իսկ ընկած բեկորներն այրվել են հրդեհի ժամանակ:
Եզրակացության մեջ նշվում է, որ անձնակազմը պատրաստ չի եղել եղանակային այն պայմաններին, որոնց առկայությամբ իրականացվել է թռիչքը:
«Վերընթաց պտույտ կատարելու փորձը հանգեցրել է տարածական կողմնորոշման կորստի և օդանավի՝ սրընթաց գահավիժման դուրս գալուն, ինչին հաջորդել է երկրի մակերեսի հետ բախումը», - ասված է եզրակացության մեջ:
Ամենայն հավանականությամբ, իրավիճակը բարդացել է այնպիսի գործոններով, ինչպիսիք են՝ ռիսկերի պատշաճ վերլուծության բացակայությունը և եղանակային այնպիսի պայմանների վերաբերյալ տեղեկատվության առկայության դեպքում թռիչքի որոշման ընդունումը, որոնց անձնակազմը պատրաստ չի եղել: Բացի այդ, անձնակազմը չուներ սարքավորումներով թռչելու հմտություններ, իսկ օդանավի հրամանատարը՝ համապատասխան որակավորման աստիճան: