ՀՀ–ն 5 ներկայացուցիչ ունի ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի 100-յակում. ովքեր են զիջել դիրքերը

Հայաստանի 5 ներկայացուցիչներից 2–ը տղամարդկանց հավաքականից են, 3–ը` կանանց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է դեկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը, որում Հայաստանը 5 ներկայացուցիչ ունի նախորդ ամսվա 6–ի փոխարեն։
Տղամարդկանց դասակարգման աղյուսակում են ընդգրկվել Հայկ Մարտիրոսյանը (70-րդ հորիզոնական) և Շանթ Սարգսյանը (85-րդ)։
Նշենք, որ նախորդ ամիս տղամարդկանց դասակարգման աղյուսակում ընդգրծված էր նաև Գաբրիել Սարգսյանը (96-րդ), որն այս ամիս դուրս է մնացել: Նոյեմբերին Հայկ Մարտիրոսյանը 52-րդ հորիզոնականում էր, իսկ այս ամիս 18 հորիզոնականով զիջել է դիրքերը։ Շանթ Սարգսյանը նոյեմբերին 70-րդ հորիզոնականում էր, իսկ այսօր 15 հորիզոնականով զիջել է դիրքերը։
Հայ շախմատիստները հաղթել են միջազգային մրցաշարում
Փոխարենը կանանց վարկանիշային աղյուսակում հայտնված Էլինա Դանիելյանը (48-րդ տեղ) և Լիլիթ Մկրտչյանը (58-րդ տեղ) բարելավել են իրենց նախորդ ամսվա ցուցանիշները (համապատասխանաբար՝ 54-րդ ու 59-րդ տեղեր)։
Այս ամիս կանանց վարկանիշային աղյուսակում ընդգրկված Աննա Սարգսյանը (84-րդ) նախորդ ամսվա համեմատ (80-րդ) 4 հորիզոնականով զիջել է դիրքերը։
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 11-րդն է: