Ղազախստանում հետախուզում են հայտարարել խորհրդային «Բուրանի» սեփականատիրոջ նկատմամբ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Ղազախստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել խորհրդային «Բուրան» տիեզերանավի սեփականատեր Դաուրեն Մուսայի նկատմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Ալմաթիի ոստիկանության դեպարտամենտի մամուլի ծառայությանը:
Հանրապետության Գլխավոր դատախազության իրավական վիճակագրության և հատուկ հաշվառման մարմինների հարթակում տեղեկատվություն է հայտնվել, որ Մուսայի գործը գրանցվել է նոյեմբերի 26-ին Ալմաթի քաղաքում, նախաձեռնողը ՆԳՆ-ն է: 50-ամյա գործարարի անձնական տվյալներն ու լուսանկարները տեղադրված են «հանցագործների հետախուզում» բաժնում:
«Նշված անձը Ալմաթի քաղաքի ՃՈ քրեական ոստիկանության վարչության կողմից հետախուզվում է Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի «խարդախություն ՝ խաբեության կամ տեղեկատվական համակարգի օգտատիրոջ վստահությունը չարաշահելու միջոցով» հոդվածով: Իրականացվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիր, որոնք ուղղված են նրան ձերբակալելուն», - ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ալմաթիի ոստիկանության դեպարտամենտից։
Բաց աղբյուրներից հայտնի է, որ մի քանի տարի առաջ Դմիտրի Ռոգոզինը, որն այդ ժամանակ «Ռոսկոսմոսի» ղեկավարն էր, մտահոգություն է հայտնել «Բուրանի» ու նրա մակետի վիճակի վերաբերյալ ՝ ասելով, որ դրանց պահպանման պայմանները «տագնապալի են»: Այն ժամանակ նա հայտնել էր, որ ռուսական կողմը պատրաստ է գնել տիեզերանավը, սակայն այն պատկանում է անհայտ մասնավոր անձի։ Ավելի ուշ պարզվել է, որ «Բուրանի» սեփականատերը «Բայկոնուր հրթիռատիեզերական կորպորացիա» ԲԸ գլխավոր տնօրեն Դաուրեն Մուսան է: Գործարարը հայտարարել է, որ իր ձեռնարկությունը պահպանում է ընդհանուր պատմությունը և մեծ ռեսուրսներ է ծախսել, որպեսզի հրթիռներն անձեռնմխելի մնան, ուստի ինքը մտադիր չէ դրանք փոխանցել այլ կողմի: