Փորձագետների կարծիքով, No List-ում ներկայացված ուղղությունները արժանի են այն համբավին, որ վայելում են զբոսաշրջիկների շրջանում, սակայն այդ ուղղությունների առջև ծառացած անթիվ մարտահրավերները պահանջում են անհապաղ լուծումներ:
Զբոսաշրջիկների մեծաթիվ քանակը վնասներ է հասցնում տեղական տնտեսությանը, էկոհամակարգին ու բնությանը։ Օրինակ,2025 թվականի No List-ը գլխավորում է Ինդոնեզիայի Բալի կղզին, որտեղ զբոսաշրջիկների մեծ թիվը հանգեցրել է «պլաստիկ ապոկալիպսիսի»։ 2023 թվականին այստեղ է ժամանել 5,3 միլիոն զբոսաշրջիկ, ինչը դարձել է պլաստիկ թափոնների քանակի աճի պատճառներից մեկը։ Բնապահպանների գնահատականներով ՝ Բալիի երբեմնի կուսական լողափերն այժմ թաղված են աղբի շերտի տակ, որը կազմում է մոտ 303 հազար տոննա:
Նմանատիպ նախազգուշացումներ են արվել Էվերեստի արկածային զբոսաշրջության ուղղության վերաբերյալ: Էվերեստի տարածքում շրջակա միջավայրը չափազանց փխրուն է և չի կարող այդքան շատ մարդ ընդունել, հատկապես առանց համապատասխան ենթակառուցվածքների։
Բարսելոնան, Մալյորկան և Կանարյան կղզիները ընդգրկվել են եվրոպական ուղղությունների հակավարկանշային ցուցակում ՝ անցած ամռանը զբոսաշրջիկների դեմ տեղի բնակիչների բողոքների պատճառով:
Վենետիկն ու Լիսաբոնը հայտնվել են No List-ում մեկօրյա զբոսաշրջիկների համար մուտքի հարկի ներդրման և բնակարանների պակասի պատճառով:
Ինչ վերաբերում է ցանկում առկա մնացած ուղղություններին, ապա փորձագետները տեղի իշխանություններին հորդորում են փոխել զբոսաշրջիկներին գրավելու իրենց քաղաքականությունը։ Հակառակ դեպքում նրանց ենթակառուցվածքները չեն դիմանա զբոսաշրջային հոսքի աճին, ինչը կխորացնի անհարմարությունները տեղի բնակիչների համար։