ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Վրաստանում ուկրաինական «մայդանի» սցենար չի լինի։ Այս հայտարարությունն արել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ։
«Վերջին 4 տարիների ընթացքում մենք անցել ենք ընդդիմության՝ դրսից ծրագրված հեղափոխական սցենարի երկու փորձի միջով։ Երկուսն էլ ձախողվել են։ Այսօր ընդդիմության ռեսուրսներն ավելի քիչ են, ինչից ելնելով՝ երրորդ փորձը չի կայանա։ Վրաստանում «մայդան» չի լինի։ Դուք գիտեք, թե «մայդանը» ինչ բերեց Ուկրաինային, 5 օր անց սկսվեց պատերազմը... Ուստի «մայդանի» սցենարը Վրաստանում չի կայանա, այսօրվա Վրաստանը 2013 թվականի Ուկրաինան չէ, ուրեմն «մայդանի» սցենարը չի իրականանա»,-հայտարարել է Կոբախիձեն։
Նա նաև պարզաբանել է, որ Վրաստանը չի դադարեցրել ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, այլ հարցը ժամանակավորապես հանել է օրակարգից։
«Մենք ասում ենք՝ այդ հարցն առաջիկա 4 տարիներին օրակարգում չի լինի, որպեսզի ոչ մեկին շանտաժի հնարավորություն չտանք», - ասել է Վրաստանի վարչապետը:
Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանի իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականը օրակարգից հանել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները, Թբիլիսիում և մի քանի այլ խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ սկսվեցին:
Արևմուտքի և Թբիլիսիի միջև հարաբերությունները վատթարացան 2024 թվականի գարնանը՝ «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։ Սառեցվեց կառավարությանը տրամադրվող օգնության մի մասը, և կասեցվեց երկրի ինտեգրումը ԵՄ-ին։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ և վիզային սահմանափակումներ սահմանեց Վրաստանի որոշ քաղաքացիների նկատմամբ: Կրակին յուղ լցրեց այս տարվա սեպտեմբերին Վրաստանում «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի ընդունումը, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը*:
Քննադատությունը շարունակվեց նաև հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքները հրաժարվեցին ճանաչել բոլոր չորս ընդդիմադիր ուժերը:
Վրաստանի իշխանությունները բազմիցս ասել են, որ հույս ունեն վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։ Նրանք պնդում են, որ հավատարիմ են եվրոպական արժեքներին, իսկ վերոնշյալ օրենքներն ընդունվել են երկրի ազգային շահերից ելնելով։
*ԼԳԲՏ շարժումը ճանաչվել է ծայրահեղական և արգելված է Ռուսաստանի Դաշնության տարածքում: