Պատերազմը շարունակվում է. թուրք նախարարը կոչ է արել հաշվի առնել Պուտինի զգուշացումները

Հաքան Ֆիդան
Հաքան Ֆիդան
Ֆիդանը կարծում է, որ չափազանց հեշտ կլիներ Ռուսաստանի առաջնորդի խոսքերը դիտարկել միայն որպես սպառնալիք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել հաշվի առնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները՝ նշելով, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Բոլոր սովորական զինատեսակները, որոնք կարող էին օգտագործվել, արդեն օգտագործվել են, բայց Ուկրաինայում պատերազմը չի ավարտվել։ Այս գործընթացում կա՛մ խաղաղությունը կհաղթի, կա՛մ պատերազմը դուրս կգա վերահսկողությունից: Պուտինն իր խոսքերով արդեն արտահայտել է դա։ Պատերազմը կհասնի այն աստիճանի, որ կընդգրկի շրջակա բոլոր երկրները, կամ ինչ-որ կերպ խաղաղություն կտիրի», - Ֆիդանի խոսքը մեջբերում է «Türkiye» թերթը։
Պուտինը նոյեմբերի 28-ին Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարել է, որ ի պատասխան Արևմուտքի և Ուկրաինայի կողմից էսկալացիայի՝ Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները: Իրադարձությունների զարգացումը կախված է նրանից, թե ինչպես կվարվեն Կիևի ռեժիմի հովանավորները։
Պուտինն ընդգծել է, որ չի բացառում ռուսական նոր «Օրեշնիկ» հրթիռային համակարգի օգտագործումը ռազմական և ռազմարդյունաբերության օբյեկտների կամ որոշումների կայացման կենտրոնների վրա, այդ թվում՝ Կիևում, քանի որ տեղի իշխանությունները շարունակում են հարվածներ հասցնել ՌԴ կենսական նշանակության օբյեկտներին, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում:
Ռուսաստանը թույլ չի տա, որ Ուկրաինան միջուկային զենք ստանա. Պուտին