ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Արարողակարգային միջոցառումների համար Հայաստանի օրհներգի կատարման միասնական տարբերակ պետք է, բայց պետք չէր ձեռք տալ բովանդակությանը՝ հաշվի առնելով դրա ազգային–պատմական արժեքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը՝ մեկնաբանելով կառավարության որոշումը։
Գործադիր մարմինը վերջին նիստում որոշեց, որ ՀՀ օրհներգի վերջին քառատողը կդառնա 2–րդ, իսկ 2–րդ և 3–րդ քառատողները համապատասխանաբար կդառնան 3–րդ և 4–րդ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուշադիր հետևել է և պարզել, որ պաշտոնական հանդիպումների ընթացքում օրհներգի կատարման ժամանակ չկա արագության, տեմպի, տևողության, հնչողության, տեխնիկական պարամետրերի ստանդարտ։ Նա հայտնեց` հանձնարարել է, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին ՀՀ օրհներգը հնչի կենդանի կատարմամբ և որոշակի որակի ստանդարտին համապատասխան։
«Պետական խորհրդանիշները սրբազան, անձեռնմխելի արժեքներ են, և դրանց նկատմամբ ոտնձգությունը ոտնձգություն է մեր բոլորի հավաքական արժեքների նկատմամբ։ Հիմնը պատմական արժեք է և խորհրդանիշ, ուստի կարելի էր դրա նկատմամբ որևէ փոփոխություն չանել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Գալստյանը նշեց, որ կառավարության հաստատումը դեռ բավարար չէ փոփոխություն անելու համար։ Ոչ միայն օրհներգը, այլև պետական մյուս խորհրդանիշներն ամրագրված են օրենքով, և դրանց փոփոխությունը ևս օրենքով պետք է լինի։ Այսինքն՝ նախևառաջ նախագիծը պետք է ԱԺ-ում քննարկվի, ընդունվի, մինչդեռ պատգամավորը հիշում է, որ աշնանային նստաշրջանի առաջին նիստն արդեն խմբագրված տարբերակով է մեկնարկել։
«Դա օրենքի խախտում է»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ իշխող քաղաքական ուժը սևեռված է պետական խորհրդանիշների ուղղությամբ, խորշանք ունի ազգային ամեն ինչի նկատմամբ։ Պատգամավորը խոստովանեց` թեթևացած շունչ է քաշել, երբ պարզվել է, որ գոնե միայն այս չափով են փոփոխություն ցանկանում օրհներգում անել, այլապես ավելի վատ սցենարներ կարող էին լինել ու քննարկվում էին։
Խոսելով «հնացած», ոչ արդիական հիմնի մասին՝ Գալստյանը որպես օրինակ հիշեցրեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի օրհներգերը։ Օրինակ` ԱՄՆ օրհներգը բրիտանական նավատորմի հետ ճակատամարտի մասին փաբերում կատարված երգ է։ Նրանք հարգում են իրենց պատմությունը և թույլ չեն տալիս ոտնձգություններ կատարել իրենց օրհներգերի նկատմամբ։
Միաժամանակ կա մի կետ, որի դեպքում ընդդիմադիր պատգամավորը համամիտ է իշխանական գործընկերների հետ՝ հիմնը հաճախ կատարվում է տարբեր մեկնաբանություններով։ Նա կարծում է, որ արարողակարգային, պետական միջոցառումների ժամանակ պետք է կանոններ սահմանվեն, դա ոչ միայն տեքստին է վերաբերում, այլև կատարմանը, և պետական միջոցառումների ժամանակ պետք է այդ տարբերակը հնչի։