Հայկական մարդասիրական առաքելությունը շտապ տարհանվել է Հալեպից

Հիշեցնենք, որ Հայաստանը 2019 թվականի փետրվարից մասնակցում է Սիրիայում հումանիտար առաքելությանը։ Հայ սակրավորներն ու բժիշկներն աշխատում են Հալեպում՝ մաքրելով տարածքը ականներից և օգնություն ցուցաբերելով բնակչությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի ողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով Սիրիայից վերադարձել է Հայաստան։
Տեղեկությունը հայտնում են ՊՆ-ից։
Վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական ակտիվ գործողություններ են սկսվել, ինչի պատճառով անհնար է դարձել 2019 թվականից Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող Հայաստանի Հանրապետության հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը Հալեպում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ թուրքամետ արմատական խմբավորումները հարձակում են իրականացրել և Հալեպի նահանգում գրավել ավելի քան 20 բնակավայր: Ի պատասխան՝ սիրիական զորքերը հակահարձակում են սկսել։ Սիրիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա»* ահաբեկչական խմբավորման դիրքերին: Նոյեմբերի 29-ի առավոտյան գնդակոծվել է Հալեպի համալսարանի ուսանողական ավանը, զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու ուսանող:
* Ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: