Թուրքիան անընդունելի է համարում Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. ՊՆ

Կիպրոս
Ավելի վաղ Կիպրոսի իշխանությունները խոստովանել էին, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Կիպրոսի հունական վարչակազմի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերն անընդունելի են և կարող են խախտել տարածաշրջանի փխրուն հավասարակշռությունը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրը՝ մեկնաբանելով Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի խոսքը։
Խրիստոդուլիդիսն ավելի վաղ հայտարարել էր, որ Կիպոսը մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին, երբ դա հնարավոր կլինի։ Նա նաև նշել էր, որ երկիրն իր բոլոր ռեսուրսներն օգտագործում է իր ԶՈւ–ն արդիականացնելու և դաշինքի չափանիշներին համապատասխանեցնելու համար։
Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման որոշումն ընդունվում է միաձայն՝ հաշվի առնելով բոլոր անդամ երկրների ազգային շահերը։
«Այս փուլում Հարավային Կիպրոսի հունական վարչակազմի դիմումն անընդունելի քայլ է Թուրքիայի համար: Այդ գործընթացը կխախտի փխրուն հավասարակշռությունը և բացասաբար կանդրադառնա Կիպրոսի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների վրա»,- ասել է ՊՆ ներկայացուցիչը։
«Կատիմերինի» թերթի տեղեկություններով` Նիկոս Խրիստոդուլիդիսը հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին է ներկայացրել ՆԱՏՕ-ի հետ մերձեցման ծրագիրը, դա քննարկել է նաև դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Բուխարեստում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։
Ավելի վաղ Կիպրոսի իշխանությունները խոստովանել էին, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար լուրջ խոչընդոտներ կան։ Թուրքիան, որը չի ճանաչում Կիպրոսը որպես պետություն, անխուսափելիորեն դեմ է լինելու նրա անդամակցությանը։ Բացի այդ, Կիպրոսը դեռ չի համապատասխանում դաշինքի որոշ չափանիշների։
Կիպրոսը 1974 թվականից՝ Թուրքիայի զինված ներխուժումից հետո, փաստացի բաժանված է հունական և թուրքական մասերի։ Օկուպացվել է կղզու տարածքի 37%-ը, որը 1983 թվականին հռչակվել է որպես «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» և ճանաչվել միայն Թուրքիայի կողմից։
ՄԱԿ-ի միջնորդությամբ Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցությունները բազմիցս խափանվել են։ Շվեյցարական Կրան Մոնտանա քաղաքում 2017 թվականին տեղի ունեցած բանակցությունների վերջին փուլն արդյունք չտվեց։
Հույները պնդում են խնդիրը լուծել երկգոտի, երկհամայնք դաշնության շրջանակում և ՄԱԿ-ի բանաձևեր են պահանջում։ Թուրքերը հանդես են գալիս համադաշնության օգտին՝ պահանջելով ճանաչել հավասար ինքնիշխանություն և միջազգային կարգավիճակ։ Կիպրոսի թուրքերի առաջնորդ Էրսին Թաթարը բազմիցս հայտարարել է, որ բանակցությունների սեղանի շուրջ կվերադառնա միայն այս պայմանների կատարման դեպքում։