Թբիլիսիում ցույցը ցրելու ժամանակ իրավապահ մարմինների 32 աշխատակից է տուժել. Վրաստանի ՆԳՆ

Թբիլիսի
Վրաստանը կրկին փոթորկվեց, երբ հայտնի դարձավ, որ իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականը օրակարգից հանել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Թբիլիսիում ցույցը ցրելու ժամանակ ներքին գործերի նախարարության 32 աշխատակից է տուժել։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչությունը։
«Նրանցից 13-ի դեպքում վիրաբուժական միջամտության կարիք է առաջացել։ Այս պահին իրավապահ մարմինների 1 աշխատակից է գտնվում հիվանդանոցում»,– ասված է հաղորդագրությունում։
Բերման է ենթարկվել 43 ցուցարար։
Հիշեցնենք` երեկ, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանի իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականը օրակարգից հանել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները, Թբիլիսիում և մի քանի այլ խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ սկսվեցին:
Ամբողջ գիշեր Թբիլիսի կենտրոնում լարված իրավիճակ է եղել։ Ռուսթավելի պողոտայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել։ Բողոքի ակցիայի մասնակիցներն աղբամաններ և անվադողեր են հրկիզել։
Վրաստանի հատուկջոկատայինները քանդել են արևմտամետ ընդդիմության տեղադրած բարիկադները՝ ցուցարարներին կենտրոնական հրապարակից հետ մղելով ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով։
Նշենք, որ Արևմուտքի և Թբիլիսիի միջև հարաբերությունները վատթարացան 2024 թվականի գարնանը՝ «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։ Սառեցվեց կառավարությանը տրամադրվող օգնության մի մասը, և կասեցվեց երկրի ինտեգրումը ԵՄ-ին։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ և վիզային սահմանափակումներ սահմանեց Վրաստանի որոշ քաղաքացիների նկատմամբ: Կրակին յուղ լցրեց այս տարվա սեպտեմբերին Վրաստանում «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի ընդունումը, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը*:
Քննադատությունը շարունակվեց նաև հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքները հրաժարվեցին ճանաչել բոլոր չորս ընդդիմադիր ուժերը:
Վրաստանի իշխանությունները բազմիցս ասել են, որ հույս ունեն վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։ Նրանք պնդում են, որ հավատարիմ են եվրոպական արժեքներին, իսկ վերոնշյալ օրենքներն ընդունվել են երկրի ազգային շահերից ելնելով։
*ԼԳԲՏ շարժումը ճանաչվել է ծայրահեղական և արգելված է Ռուսաստանի Դաշնության տարածքում: