Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հանդեպ ռազմաքաղաքական պարտավորություններից. Գալուզին

Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը ռազմաքաղաքական ոլորտում վերջին շրջանում նկատելի անկում է ապրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածություններին և չի հրաժարվում իր պարտավորություններից ռազմաքաղաքական ոլորտում։ Այս մասին «Ռուսաստան-Հայաստան» հասարակական համաժողովում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ խոսքը համալիր պայմանավորվածությունների մասին է ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ եվրասիական տարածքում միավորման շրջանակներում։
«Մենք չենք հրաժարվում դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում», - ասել է Գալուզինը։
ՌԴ փոխարտգործնախարարը կարծում է նաև, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի ռազմական, էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորը։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ մի քանի անգամ հայտարարել էր, որ երկիրը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Այս տարվա սեպտեմբերին Փաշինյանը ՀԱՊԿ-ն անվանել էր սպառնալիք Հայաստանի անվտանգությանը, նշելով, որ կազմակերպության հետ հարաբերություններում ՀՀ–Ն մոտենում է «անվերադարձ» կետին։
Կրեմլն արձագանքել է այս աղմկահարույց հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհամաձայնություն է հայտնել Հայաստանի վարչապետի գնահատականների հետ՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ից որևէ սպառնալիք չի բխում, ընդհակառակը, կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։