Մոտ 4400 արցախցի է ՀՀ քաղաքացիություն ստացել, անչափահասները չեն հաշվարկվում․ ՆԳՆ

Անձնագիր
Արմեն Ղազարյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ավելի քան 6300 արցախցի է դիմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից տեղահանված շուրջ 4400 անձ է ՀՀ քաղաքացիություն ստացել։ ԱԺ-ում արցախցիների խնդիրներին առնչվող քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
«Նոյեմբերի 28-ի տվյալներով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 6338 արցախցի։ Երեկվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4394 անձ»,- նշեց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ այս դեպքում չեն հաշվարկվում անչափահասները։ Երբ ծնողները քաղաքացիություն են ստանում, նրանք օրենքի ուժով այդ քաղաքացիությունը ձեռք են բերում զուտ անձնագրավորման ճանապարհով։ Մինչև 18 տարեկան անձանց դեպքում հավելյալ գործընթացներ անցնելու կարիք չկա։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Նրանց մեծ մասը հաստատվել է Կոտայքի մարզում (20331 մարդ), որին հաջորդում են Արարատի (14 743) և Արմավիրի մարզերը (10 416):
Նշենք, որ քննարկումը նախաձեռնել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։