Մոսկվան աշխատում է «3+3» ձևաչափը լիարժեք կառույցի վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ

Միխայիլ Գալուզին
Դիվանագետը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ և ԱՊՀ գծով առաջիկա միջոցառումների շրջանակներում Հայաստանի հետ արդյունավետ երկխոսություն կլինի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանն ակտիվ աշխատում է «3+3» ձևաչափը լիարժեք կառույցի վերածելու ուղղությամբ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի ժամանակ։
«Մենք բոլոր ուղղություններով շարունակում ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս գործընթացում կարևոր տեղ է զբաղեցնում «3+3» հարթակը, որն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը։ Մենք աշխատում ենք այն լիարժեք կազմակերպության վերածել տարածաշրջանում փոխգործակցության համար», — նշել է դիվանագետը։
Գալուզինն ընդգծել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ անվտանգության ճարտարապետություն է ձևավորել Հարավային Կովկասում: Նրա խոսքով՝ Ռուսաստանի դերն այս առումով միշտ պահանջված կլինի՝ հաշվի առնելով տարածաշրջանում և ամբողջ աշխարհում առկա դինամիկ իրավիճակը։
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ երկկողմ համագործակցությանը, դիվանագետը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի գծով միջոցառումների շրջանակներում Մոսկվայում արդյունավետ շփումներ կլինեն:
«3+3» հարթակն ընդգրկում է Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը: «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։ Այդ ժամանակ նիստին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվեց մասնակցությունից։
Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չմասնակցեց նաև երկրորդ նիստին։
«3+3» ձևաչափով 3-րդ նիստը կազմակերպվեց Ստամբուլում։ Վրաստանն այս անգամ ևս չմասնակցեց քննարկումներին։ Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը։