ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը միավորված են դարավոր ընդհանուր պատմությամբ, որում եղել են փառահեղ էջեր, այդ թվում` Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակը: Այս մասին Մոսկվայում կայացած «Ռուսաստան–Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Երբ գալիս եմ Երևան, մեծ հպարտությամբ եմ նայում Իսակովի, Բաղրամյանի պողոտաներին.. Այսինքն՝ մեր ընդհանուր պատմությունը միշտ աչքի առաջ է, մեր սրտերում և մեր հիշողության մեջ», - ասել է Գալուզինը։
Նա վստահություն է հայտնել, որ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ բոլոր գործընկերներն ու դաշնակիցները 2025 թվականին ոգևորությամբ կնշեն մեծ հոբելյանը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակի 80-ամյակը:
Գալուզինը նշել է, որ բացի ընդհանուր փառահեղ պատմությունից, դաշնակցություն կա նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում:
«Թեև Հայաստանը հիմնականում ներքաղաքական պատճառներով դադարեցրել է իր մասնակցությունը, ինչպես երեկ Աստանայում ասաց ՌԴ նախագահը։ Մենք ԱՊՀ անդամ ենք, և իհարկե հույս ունենք, որ այդ հարաբերությունները հետագայում էլ կզարգանան՝ ի շահ մեր ժողովուրդների, այլ ոչ թե կարգելակվեն», - ասել է Գալուզինը։
Նա նաև նշել է, որ ընթացիկ տարում ռուս-հայկական առևտրաշրջանառությունը կհասնի աննախադեպ ցուցանիշի՝ 15 մլրդ դոլարի: ՌԴ փոխարտգործնախարարը պարզաբանել է, որ երկկողմ համագործակցությունը բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից, և այն պետք է օգտագործվի ի շահ երկու ժողովուրդների: