ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առաջին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ տնտեսական խորհրդի 104-րդ նիստին, միջոցառման ընդմիջմանը զրուցել է ադրբեջանցի գործընկեր Յաղուբ Էյուբովի հետ։
Ադրբեջանական պետական ԱՊԱ գործակալության համաձայն` նրանք զրուցել են ավելի քան 10 րոպե։
Համաժողովին մասնակցում է նաև ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստը նախագահում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նիստի օրակարգում ընդգրկված են ոլորտային համագործակցության մարմինների գործունեությանը, արդյունաբերական պատահարների հետաքննության կարգի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելուն, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության մշակույթի բարելավմանն ուղղված միջոցառումների շարքին, ինչպես նաև հիմնական կազմակերպությունների հիմնադրմանն առնչվող հարցեր։