ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի և Ռուսաստանի համար կարագի ներմուծման մաքսատուրքից ազատման սակագնային արտոնությանը: Այս մասին հայտնում է ԵՏՀ առևտրային բլոկը։
ՌԴ-ի համար քվոտան կկազմի ոչ ավելի, քան 25 հազար տոննա (ի սկզբանե Ռուսաստանը պահանջում էր 30 հազար տոննա), Հայաստանի համար` ոչ ավելի, քան 2 հազար տոննա։
Կարգավորումը կգործի փաստաթղթի ուժի մեջ մտնելու օրվանից (հրապարակումից 10 օր հետո) մինչև 2025 թվականի հունիսի 15-ը։
«Միջոցառման ներդրումն անհրաժեշտ է ներքին շուկայում կարագի լրացուցիչ մատակարարում ապահովելու համար` գների աճը զսպելու և դեֆիցիտը կանխելու նպատակով։ Մատակարարվող կարագը կարող է օգտագործվել ինչպես սննդամթերքի արտադրության, այնպես էլ մանրածախ վաճառքի համար»,-նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
Նա հավելել է, որ ներմուծման մատակարարումները կարող են իրականացվել, մասնավորապես, Իրանից և Հնդկաստանից։
ԵՏՀ նախարարի կարծիքով` որոշումը թույլ կտա կարճաժամկետ ժամանակահատվածում ապահովել առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը` առանց վնասելու կաթից պատրաստվող այլ մթերքների արտադրությունը, հաշվի առնելով ռեսուրսային բազայի սահմանափակ լինելը։
ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: