ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Բենզալցակայանի նախկին աշխատակից, Դիլիջանի քաղաքապետ, անձնական գործերում «սեռ»-ի դիմաց «արու» գրած Դավիթ Սարգսյանը վարչական տուգանքի է ենթարկվել այն բանի համար, որ կասկածելի աճուրդներով շուկայականից զգալի էժան գներով և հրատապ կարգով Դիլիջան քաղաքից հող է վաճառել հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։
«Նա 2024թ. մայիս-հունիս ամիսներին համայնքային հողերից 1650 քմ հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով 11 մլն 550 հազար դրամով վաճառել է եղբորը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել և 300 հազար դրամ վարչական տուգանք սահմանել»,– գրում է թերթը։
Ըստ ԶԼՄ–ի` հանձնաժողովն ուսումնասիրել է համացանցային գրառումները և պարզել, որ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, քաղաքապետը հաստատել է կատարվածը և հանձնաժողովին հայտնել, թե տեղյակ չի եղել օրենքից, որ նման իրավիճակները շահերի բախում են առաջացնում, և ինքը, լինելով պաշտոնատար անձ, պետք է նախապես դիմեր հանձնաժողովին, որպեսզի եղբոր մասնակցությամբ աճուրդի գործընթացի վերահսկողությունն իրականացնեին, և թույլ չտար միջամտություն աճուրդի արդյունքների վրա։