Ավելի քան 30 մարդ է զոհվել Գազայում անցած մեկ օրում Իսրայելի հարվածների հետևանքով

Գերատեսչության տվյալներով` հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 44 363-ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Անցած օրվա ընթացքում Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի հարվածների զոհ է դարձել ավելի քան 30 մարդ, տուժել են ավելի քան 130-ը: Այս մասին հայտնում է տեղի առողջապահության նախարարությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում ընտանիքների երեք զանգվածային սպանություն է իրականացրել, հիվանդանոցներ են ընդունվել 33 զոհ և 137 տուժած»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարության տվյալներով` հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 44 363-ի, տուժել է ավելի քան 105 հազար մարդ:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։