Վրաստանը մինչև 2028 թվականը օրակարգից հանում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները

Իրակլի Կոբախիձե
Կառավարության ղեկավարը նշել է, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսման հարցն օգտագործվում է որպես Թբիլիսիին շանտաժի ենթարկելու գործիք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Վրաստանը մինչև 2028 թվականը սառեցնում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսման հարցը և հրաժարվում դրամաշնորհներից: Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է ճեպազրույցի ժամանակ՝ կառավարության անդամների և խորհրդարանական մեծամասնության առաջնորդների հանդիպումից հետո:
Ավելի վաղ Վրաստանի նոր խորհրդարանը հավանություն էր տվել կառավարության թարմացված կազմին՝ Կոբախիձեի գլխավորությամբ:
«Մենք որոշել ենք մինչև 2028 թվականի ավարտը օրակարգում չընդգրկել ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը, ինչպես նաև հրաժարվում ենք բոլոր բյուջետային դրամաշնորհներից»,-ասել է Կոբախիձեն:
Վրաստանի կառավարության ղեկավարը բացատրել է, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսման հարցն օգտագործվում է որպես Թբիլիսիին շանտաժի ենթարկելու գործիք:
Նրա խոսքով՝ Վրաստանի համար անընդունելի է, երբ ԵՄ-ին անդամակցելու հարցը որպես լավություն է դիտարկվում։
Հիշեցնենք, որ Արևմուտքի և Թբիլիսիի միջև հարաբերությունները վատթարացան 2024 թվականի գարնանը՝ «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։ Սառեցվեց կառավարությանը տրամադրվող օգնության մի մասը, և կասեցվեց երկրի ինտեգրումը ԵՄ-ին։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ և վիզային սահմանափակումներ սահմանեց Վրաստանի որոշ քաղաքացիների նկատմամբ: Կրակին յուղ լցրեց այս տարվա սեպտեմբերին Վրաստանում «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի ընդունումը, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը*:
Քննադատությունը շարունակվեց նաև հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքները հրաժարվեցին ճանաչել բոլոր չորս ընդդիմադիր ուժերը:
Վրաստանի իշխանությունները բազմիցս ասել են, որ հույս ունեն վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։ Նրանք պնդում են, որ հավատարիմ են եվրոպական արժեքներին, իսկ վերոնշյալ օրենքներն ընդունվել են երկրի ազգային շահերից ելնելով։
*ԼԳԲՏ շարժումը ճանաչվել է ծայրահեղական և արգելված է Ռուսաստանի Դաշնության տարածքում:
Ինքնիշխանությունն ամեն ինչից վեր է. Կախա Կալաձեն պատասխանել է Բրյուսելին