ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի միանգամից երեք բնակավայր այսօր ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի դրոնների գրոհին, կան վիրավորներ: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Պաշտոնյան նշել է, որ Բելգորոդի շրջանի Ուստինկա գյուղում շարժվող մարդատար մեքենան ենթարկվել է FPV-դրոնի գրոհին։
«Հարձակման հետևանքով երկու տղամարդ է տուժել. մեկն ստացել է ականապայթյունային վնասվածք և մեջքի վիրավորում, երկրորդը՝ բարոտրավմա։ Նրանք տեղափոխվել են Օկտյաբրսկի շրջանային հիվանդանոց, որտեղ ստացել են առաջին բուժօգնություն։ Հետագա բուժօգնության ցուցաբերման նպատակով նրանք շտապօգնության կողմից տեղափոխվել են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց», - նշել է մարզի ղեկավարը:
Բացի այդ, Բորիսովի շրջանի Գրուզսկոյե գյուղը ևս ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակմանը:
«Առաջին դրոնը հարված է հասցրել մասնավոր տան, ինչի հետևանքով վնասվել են պատուհաններն ու տանիքը։ Երկրորդը պայթել է գյուղատնտեսական ձեռնարկության տարածքում՝ վնասելով 4 մարդատար ավտոմեքենա»,- հայտնել է Գլադկովը։
Իսկ Կրասնոյարուժսկի շրջանի Գրաֆովկա գյուղում, երկու FPV-դրոնների հարձակումների արդյունքում, կոտրվել են մի տան պատուհաններ, ինչպես նաև երկու մարդատար ավտոմեքենաների ապակիները. վնասվել է մեկ մեքենայի թափքը։
Հետևանքների մասին տեղեկատվությունը ճշտվում է: Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»:
Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։