ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես դաշնակից՝ չնայած կառույցի միջոցառումներին Երևանի չմասնակցելուն: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Ինչպես արդեն հայտնել ենք, Աստանայում ընթանում է Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կազմակերպության երկրների ղեկավարների մասնակցությամբ։ Հայաստանը, որը հայտարարել է կազմակերպությանն իր անդամակցության սառեցման մասին, կրկին չի մասնակցում գագաթնաժողովին, սակայն հայտարարել է, որ չի առարկում նախատեսված փաստաթղթերի ընդունմանը:
«Մենք հույս ունենք, որ Հայաստանը տեսանելի ապագայում կվերադառնա ՀԱՊԿ–ի աշխատանքներին լիարժեք մասնակցելուն։ Իհարկե, Հայաստանի դիրքորոշումը ևս քննարկվել է այսօրվա Հավաքական անվտանգության խորհրդի նիստում», – ասել է Տասմագամբետովը։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
ՀՀ վարչապետը սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։