ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի դատական համակարգն աշխատում է ի շահ իշխանության և ընտրովի մոտեցում է ցուցաբերում արդարադատության նկատմամբ: Լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նա զուգահեռներ անցկացրեց երկու աղմկահարույց գործերի՝ Պողոս Պողոսյանի և հղի Սոնա Մնացականյանի մահվան միջև։
Քոչարյանը նշեց, որ այս գործերն ունեն ընդհանրություն` երկու դեպքում էլ հանցագործությունների մեղավորները եղել են երկրի բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատի անձինք, սակայն դատական համակարգի արձագանքը երկակի ստանդարտներ է ցույց տալիս։
«Երբ իմ թիկնապահին մեղադրանք առաջադրվեց, ես ոչ մեկին չզանգեցի, չգրեցի կամ խնդրանքներ չփոխանցեցի։ Նա անմիջապես հեռացվեց աշխատանքից, և դատական գործընթաց սկսվեց։ Բայց տեսեք, թե ինչ է կատարվում հիմա: Ո՞վ է պատասխանատվություն կրել վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ մահվան համար։ Ոչ ոք։ Մեղավորին նույնիսկ աշխատանքից չեն հեռացրել։ Ավելին` ես վստահ եմ, որ նա նաև պարգևավճար է ստացել», - հայտարարեց Քոչարյանը։
Քոչարյանը նաև մատնանշեց ավտոշարասյան մասնակիցների պահվածքը, որոնք, ըստ նրա, նույնիսկ չեն փորձել օգնություն ցուցաբերել տուժածին:
«Նրանք կանգ չեն առել, բժիշկ չեն կանչել, նրան հիվանդանոց չեն տարել։ Դատական համակարգը քողարկում է նրանց գործողությունները», - հավելեց նա։
Նախկին նախագահի կարծիքով՝ նման դեպքերը խաթարում են արդարադատության հանդեպ վստահությունը։
«Դատական համակարգն իր ներկայիս տեսքով աշխատում է բացառապես իշխանության ղեկին գտնվողների շահերի համար։ Դա խախտում է արդարության և օրենքի առջև հավասարության սկզբունքները», — եզրափակեց Քոչարյանը։
Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահն ավելի վաղ ասել էր` կասկածում է, որ Հայաստանում դատական համակարգն անկախ է: