ՌԴ–ում «KFC»–ի ռեստորանները կառավարող ընկերությունը փոխել է հիմնական սեփականատիրոջը

«KFC»–ի ռեստորան
Ընկերությունը «KFC»-ի երեք խոշորագույն գործընկերներից մեկն է Ռուսաստանում և երկրի տարբեր մարզերում գտնվող 96 ռեստորան է ղեկավարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանում «KFC»–ի 96 ռեստորանները կառավարող «Էյ Քեյ Ռաշա» ընկերության հիմնական սեփականատեր է դարձել «Իմ Առաջին» («Мой Первый») փակ փայատիրական ներդրումային հիմնադրամը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավաբանական անձանց միասնական պետռեգիստրի (ԻԱՄՊՌ) տվյալներին։
Ռուսական շուկան լքած «KFC» ցանցի խոշորագույն ֆրանշիզաներից մեկի՝ «Էյ Քեյ Ռաշա» ընկերության 81%-ը նոյեմբերի 26-ից անցել է նշված հիմնադրամի կառավարմանը։ Բաժնետոմսերի ևս 8,9%-ը պատկանում է «Սինթեզ» փակ փայատիրական ներդրումային հիմնադրամին, իսկ մնացած մասնաբաժինը մնում է «Սբերբանկ Ինվեստիցիի» ընկերությանը, որը 2019 թվականից «Էյ Քեյ Ռաշա» ընկերության բաժնետերն է:
Իրավաբանական անձանց միասնական պետռեգիստրի տվյալներով՝ «Իմ Առաջին» փակ փայատիրական ներդրումային հիմնադրամի կառավարիչ ընկերությունը «Ռուս Մենեջմենթ»-ն է («Русь Менеджмент»), որի 90%-ը պատկանում է Սերգեյ Ֆրոլովին։ Մնացած 10%-պատկանում է Օլգա Ռոդիոնովային։ «Սինթեզ» ընկերությունը կառավարում է «Գամմա Գրուպ»-ը։
«Էյ Քեյ Ռաշա»–ի կայքում նշված է, որ ընկերությունը Ռուսաստանում «KFC»-ի երեք խոշորագույն գործընկերներից մեկն է և կառավարում է երկրի տարբեր մարզերում գտնվող 96 ռեստորանները։
Ամերիկյան «Yum! Brands»-ը, որին պատկանում են «KFC» և «Pizza Hut» ապրանքանիշները, Ռուսաստանը լքելու մասին հայտարարեց 2022 թվականին: 2023 թվականի ապրիլին ռուսական «Smart Service» ընկերությունը Ռուսաստանում ձեռք բերեց «Yum! Brands»-ի բիզնեսը։ Գործարքի պայմանների համաձայն՝ նոր սեփականատերերին տրվեց «KFC» ապրանքանիշի մաստեր–ֆրանշիզը, ինչպես նաև «Rostic's» ապրանքանիշի իրավունքները։
Այժմ Ռուսաստանում «Rostic's» և «KFC» ապրանքանիշները կառավարվում են «Unirest» ընկերության կողմից, որը պատկանում է «Smart Service»-ին: Գործարքի հիմնական պայմաններից մեկը «KFC» ռեստորանների ռեբրենդինգն էր (վերանվանել «Rostic's»): Այսօր ցանցը երկու ապրանքանիշի ներքո ավելի քան 1170 ռեստորան ունի, որոնց մեծ մասը ֆրանչայզինգով է աշխատում: Նրանք գտնվում են ՌԴ 74 մարզերում։