ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք է ներկայացվել։
Հակակոռուպցիոն դատարանում կայացած դատական նիստի ժամանակ հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյան նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացրեց՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ մեղադրողի` Քոչարյանին և Խաչատուրովին վերագրվող արարքը պարունակում է Քրեական նախկին օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի հանցակազմի տարրեր, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին:
Գործով անցնող մյուս երկու անձանց՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք չներկայացվեց, քանի որ նիստը հետաձգվեց։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։
2021 թ. ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։
Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանք մեղադրվում էին միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։ Դատարանը որոշեց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել, գույքի վրա դրված կալանքը հանել։
«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերոհիշյալ հոդվածով։
ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 22-ի նիստում որոշեց, որ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ Ադպիսով դատախազությանը հնարավորություն է տրվում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը վերաորակել ու նորից սկսել գործի քննությունը։