ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Լիբանանի բանակը հայտարարել է, որ Իսրայելը նոյեմբերի 27-ին և 28-ին մի քանի անգամ խախտել է հրադադարի մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նոյեմբերի 26-ին Լիբանանն ու Իսրայելը պայմանավորվել էին հրադադարի մասին, որն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 04:00-ին:
«Նոյեմբերի 27-ին և 28-ին, հրադադարի մասին համաձայնագրի հայտարարությունից հետո, Իսրայելը մի քանի անգամ խախտել է համաձայնագիրը՝ ներթափանցելով օդային տարածք և տարբեր սպառազինություններով հարվածներ հասցնելով Լիբանանի տարածքին»,-ասվում է Լիբանանի բանակի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում գտնվող «Հզբոլլահի» օբյեկտին հարված են հասցրել կասկածելի ակտիվության հայտնաբերումից հետո, որը որակվել է որպես Լիբանանի հետ գործող հրադադարի խախտում:
Իսրայելը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն էր իրականացնում Լիբանանի հարավում «Հզբոլլահ» շարժման ուժերի դեմ և օդային ռմբակոծություններ էր իրականացնում հարևան երկրում, որտեղ, բացի խաղաղ բնակիչներից, զոհվել են շիաների շարժման առաջնորդները: Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» ցամաքային մարտեր էր վարում և հրթիռակոծում էր Իսրայելի տարածքը: