Ինձ հայտնի չէ այդ փաստը․ Քոչարյանը՝ Մարտի 1-ին ոստիկանների վրա կրակելու մասին

Ռոբերտ Քոչարյանը միֆ է համարում այն, որ «Մարտի 1-ի» գործով պարկուճները փոխվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չէ՝ արդյոք 2008 թվականի մարտի 1-ին ցուցարարների շարքերից զինվորականներն են կրակ արձակել ոստիկանների ուղղությամբ։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ինձ հայտնի չէ այդ փաստը (զինվորականների կողմից կրակ արձակելու մասին է խոսքը – խմբ․)։ Մարտի 1-ին ցուցարարների միջից են ավտոմատով կրակել դեպի ոստիկանական շարքերը, բազմաթիվ տեսանյութեր կան այդ մասով։ Առաջարկում եմ թարմացնել այդ նյութերը և կրկին դրանք նայել»,- նշեց Քոչարյանը։
Հարցին, թե «Մարտի 1-ի» գործով պարկուճները փոխվե՞լ են, ՀՀ երկրորդ նախագահը պատասխանեց, որ դա միֆոլոգիայի ժանրից է։ Նա ընդգծեց, որ դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը նշել է, թե պարկուճները փոխվել են հունիս կամ հուլիս ամիսներին, իսկ ինքը 2008 թվականի ապրիլի 9-ից այլևս չի պաշտոնավարել որպես երկրի նախագահ։ Վստահեցրեց՝ բացարձակ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը։
Հիշեցնենք` 2008 թվականին ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։
Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։ Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացրին «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրին հրապարակից։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, իսկ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան մահացան։