ՀՀ կառավարությունը վարորդներին պարտավորեցնում է 5 ամիս երթևեկել միայն ձմեռային անվադողերով

Ձմեռային անվադող
Ամռան ամիսներին էլ կարգելվի բութակավոր (шипавой) անվադողերով մեքենաների շահագործումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, որով վարորդներին պարտավորեցնում է ձմեռային անվադողեր օգտագործել նոյեմբերի կեսերից մինչև մարտի վերջ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ առատ ձյան և անձրևի ժամանակ ՃՏՊ-ների պատճառներից մեկն անհամապատասխան անվադողերի օգտագործումն է:
«Գործող ճանապարհային երթևեկության կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը։ Հետևաբար առաջարկում ենք այդ պայմանը ավելացնել տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկում»,- ասաց Խուդաթյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց՝ որոշումը չափազանց կարևոր է։
«Այո՛, այն որոշակի ծախսաբեր է լինելու վարորդների համար, անվադողերի վաճառքով զբաղվող ընկերությունների գործերը որոշակիորեն լավանալու են։ Այո՛, լինելու են շահարկումներ, բայց մենք պետք է գնանք այս ճանապարհով»,- նշեց նա՝ հավելելով, որ ամենակարևորն անվտանգությունն է։
Դիզվառելիքը թանկացել է, անկանխիկ վճարում չկա. նախարարները զրուցում են, վարորդները` տուժում
Ձմեռային անվադողեր պետք է տեղադրվեն մինչև 3,5 տոննա մարդատար ավտոմեքենաների և բեռնատարների վրա նոյեմբերի 15-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:
Բացի այդ, ձնով կամ սառույցով ծածկված ճանապարհի պայմաններում ձմեռային անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը պետք է լինի 4 մմ կամ դրանից պակաս:
Խուդաթյանը նշեց, որ որոշումը վերաբերում է նաև «վսեսեզոնկա» անվադողերին։
Եթե տեղում է արձանագրվել վարչական իրավախախտումը, ապա տուգանքը կկազմի 5000 դրամ, իսկ եթե այդ պատճառով մեքենան հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ, ապա տուգանքը 20 հազար դրամ կլինի։
Միայն այս տարի կառավարության որոշումը կգործի դեկտեմբերի 10–ից։
Նշենք, որ որոշման համաձայն` ամռան ամիսներին էլ կարգելվի բութակավոր (шипавой) անվադողերով մեքենաների շահագործումը։
Տուգանային հրապարակից մոպեդների ու մեքենաների անհետացման գործով ՆԳՆ–ն քննություն է սկսել