ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կասկածում է, որ Հայաստանում դատական համակարգն անկախ է: Նա այդ մասին հայտարարեց այսօր դատական նիստի ժամանակ՝ խոսելով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից «Whatsapp»-ով հաղորդագրություն ստանալուց հետո:
«Եթե ԲԴԽ ղեկավարը, որն օրենքով ամենապաշտպանված անձն է, մեկ SMS-ով փախնում է իր պաշտոնից, ի՞նչ վիճակում են հայտնվում դատավորները, եթե ստանան SMS-ներ։ Իրավո՞ւնք ունենք այդպես մտածելու․ իրավունք ունենք։ Բոլոր դատավորները պետք է մտածեն, թե ԲԴԽ նախագահն ինչու մեզ խայտառակեց ու այսպիսի հիմար վիճակում դրեց։ ԲԴԽ նախագահն այն պաշտոնյան է, որի ուղղակի գործառույթն է պաշտպանել դատավորների անկախությունը, եթե ինքը չի կարող պաշտպանել իր սեփական անկախությունը, ապա ինչպես ասում են, «ձեր գործը բուրդ է»»,- դատական նիստի ժամանակ նշեց Քոչարյանը:
Նրա խոսքով՝ այս իրավիճակում յուրաքանչյուրը կարող է մտածել` արդյոք այս դատավորն SMS-ով հարց լուծող է, անկախ է, թե ոչ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին կառավարության նիստում հայտարարեց, որ իր համբերության բաժակը լցվել է և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ Նոյեմբերի 17-ին լրատվամիջոցները գրեցին, որ Փաշինյանը կադրային ջարդ է իրականացրել կառավարությունում և իրավապահ համակարգում, ինչի արդյունքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ինչպես նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել։
Ավելի ուշ Փաշինյանը հաստատեց, որ պաշտոնները լքելու մասին «խնդրանքը» sms–ով է հայտնել, իսկ մինչ այդ և դրանց հետո սկսեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել նոր պաշտոնյաների անունները։