ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությանն այսօր որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ։ Տեղեկությունը հայտնում է դատական իշխանությունը։
Այսօր, օրենքով սահմանված կարգով, տասնօրյա ժամկետում նշանակվել էր ԲԴԽ նախագահի ընտրությունը։
«ԲԴԽ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կշարունակի կատարել ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Կարեն Թումանյանը»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ մինչ այս ԲԴԽ նախագահն էր Կարեն Անդրեասյանը, որն աշխատանքից ազատման դիմումը գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից Whatsapp հավելվածով հաղորդագրություն ստանալուց հետո։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին կառավարության նիստում հայտարարեց, որ իր համբերության բաժակը լցվել է և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ Նոյեմբերի 17-ին լրատվամիջոցները գրեցին, որ Փաշինյանը կադրային ջարդ է իրականացրել կառավարությունում և իրավապահ համակարգում, ինչի արդյունքում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ինչպես նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել։
Ավելի ուշ Փաշինյանը հաստատեց, որ պաշտոնները լքելու մասին «խնդրանքը» sms–ով է հայտնել, իսկ մինչ այդ և դրանց հետո սկսեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել նոր պաշտոնյաների անունները։