Արսենյանը Ջալալիի հետ քննարկել է Իրանի և Հայաստանի հետ հարաբերությունները

Երկու դիվանագետի հանդիպումը կայացել է ՌԴ-ում Իրանի դեսպանատանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպաններ Գուրգեն Արսենյանն ու Քազեմ Ջալալին քննարկել են Երևանի և Թեհրանի միջև հարաբերությունները։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դիվանագետների հանդիպումը կայացել է ՌԴ-ում Իրանի դեսպանատանը, նոյեմբերի 28-ին։
«Կողմերը ջերմ մթնոլորտում քննարկել են հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են Հայաստանի և Իրանի երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսական զարգացման հնարավորություններին և հեռանկարներին»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ վերջին երկու շաբաթում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին 2 հեռախոսազրույց են ունեցել։ Բանակցությունների ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է իրանական մաքսակետում արտասահմանյան բեռնատարների համար դիզելային վառելիքի կտրուկ գնաճին առնչվող հարցը։