ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականից հետո Աբխազիայի խորհրդարանը որոշեց արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել փետրվարի 15-ին։
«Երկշաբաթյա ժամկետում պետք է ընտրությունների օր նշանակեինք նախագահի հրաժարականից հետո։ Մենք լսեցինք բոլոր կողմերին, բոլոր դեմ և կողմ կարծիքները և որոշեցինք նշանակել այն փետրվարի 15-ին», - խորհրդարանական նստաշրջանի ժամանակ ասել է պատգամավոր Դաութ Խութաբան։
Նոյեմբերի 19-ին Աբխազիայի խորհրդարանն ընդունեց հանրապետության նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։ Նախագահի պարտականությունները կատարում է Աբխազիայի փոխնախագահ Բադրա Գունբան։
Հիշեցնենք` Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվեց Ռուսաստանի հետ ներդրումների մասին համաձայնագրի պատճառով, որը նախատեսում է բնակարանների կառուցում:
Ընդդիմության կողմնակիցները կարծում են, որ նախագծի իրականացումը կհանգեցնի բնակարանների գների աճին և սպառնալիքներ կստեղծի փոքր և միջին բիզնեսի համար:
Խորհրդարանը պետք է վավերացներ փաստաթուղթը, սակայն նիստը հետաձգվեց սկսված բողոքի ցույցերի պատճառով: Ընդդիմության կողմնակիցները գրավեցին կառավարական շենքերը Սուխումում, այդ թվում` նախագահի նստավայրը, և պահանջեցին պետության ղեկավար Ասլան Բժանիայի հրաժարականը: Երկուշաբթի օրը` իշխանության և ընդդիմության բանակցությունների ժամանակ, հաջողվեց պայմանավորվել, որ նախագահը հրածարական կտա, իսկ ընդդիմության համախոհները կազատեն կառավարական թաղամասը։