«Համապատասխան փոփոխություններից հետո, այսուհետ յուրաքանչյուր տարի նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ կարգելվի այն տրանսպորտային միջոցների շահագործումը, որոնց վրա տեղադրված չեն լինի ձմեռային անվադողեր։ Եթե վարչական իրավախախտում է արձանագրվել տեղում՝ կնշանակվի մինչև 5000 դրամի տուգանք, իսկ եթե այդ պատճառով մեքենան հայտնվել է պատահարի մեջ, ապա՝ 20 հազար դրամ»:
Այս տարի կանոնը կգործի դեկտեմբերի 10-ից։ Փոփոխությունները կառավարության նիստում ներկայացրել է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Ճանապարհային երթևեկության գործող կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը, ուստի առաջարկում ենք ճանապարհային երթևեկության կանոնների՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկում ավելացնել նոր պայմաններ, որոնց առկայության դեպքում կարգելվի տրանսպորտային միջոցների շահագործումը».-մանրամասնել է նախարարը։