Տնտեսագետներից ոմանք պնդում են, որ Հայաստանում վառելիքի, մասնավորապես բենզինի գների վայրիվերումները հիմնականում կապ չունեն համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխությունների հետ։ Ըստ փորձագետների՝ դրանք մեծամասամբ ձևավորվում են ներքին շուկայի խաղացողների պայմանավորվածություններով ու երկրի պատկան մարմինների հայեցողությամբ։
Իհարկե, շատ բարդ է բացահայտել կարտելային համաձայնությունները, բայց փաստ է, որ բենզինի գինը մեկ գիշերվա մեջ բոլոր տնտեսվարողների լցակայաններում կարող է նվազել նույն չափով և կասկածելի ցածր գների վերաբերյալ՝ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի հայտարարությունից հետո բոլորի մոտ գինը նույն չափով կարող է աճել։ Օրերս բենզինի ռեգուլյար տեսակի գինը 500 դրամից դարձել է 480 դրամ։
«Մեզ մոտ գների համաձայնեցված իջեցումն ու համաձայնեցված բարձրացումը խոսում է այն մասին, որ շուկայում խաղացողները միասնական գնային քաղաքականություն են վարում»․-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։