ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Գյումրիում ուղևորափոխադրող «Գազելի» վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Այսօր առավոտյան՝ ժամը 09։25-ին, «Գյումրու ավտոբուս» ՓԲԸ–ի 67-ամյա վարորդը «Գազել» մակնիշի երթուղային տաքսին վարելիս քաղաքի Գ․Նժդեհի փողոց 10 հասցեի մոտ կորցրել է մեքենայի կառավարումը։ «Գազելը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին գտնվող ծառին։
Վթարի հետևանքով վարորդը և 4 կին ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վնասվածքները եղել են սալջարդի տեսքով, ավելի ուշ նրանք բոլորը դուրս են գրվել։
Հարուցված վարույթի շրջանակում զննվել է դեպքի վայրը, ստուգվել է վարորդի սթափության վիճակը․ նա եղել է սթափ։
Վթարի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։