Ոստիկանության 7 ծառայող ազատվել է աշխատանքից

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստը
Եվս մեկ ոստիկանի նկատմամբ «Նկատողություն» կարգապահական տույժ է կիրառվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության 7 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, և նրանց նկատմամբ կիրառվել է «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը: Տեղեկությունը հայտնում է ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ որոշումը կայացվել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, որը վարել է ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:
Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության 8 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշումէ է կայացրել միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ 1 ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժը»,- ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ նախարարությունից չի հստակեցվում, թե ինչ ծառայողական քննության մասին է խոսքը:
Նիստին մասնակցել են ՆԳՆ մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: