ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 570 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը ձյան պատճառով նոյեմբերի 25–ին փակվել էր բեռնատարների համար։ Նոյեմբերի 26–ին էլ ճանապարհը 2 ուղղություններով փակվեց բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Անցակետը հատելու հերթում, այս ժամի դրությամբ, ընդհանուր 1740 տրանսպորտային միջոց կա, որոնցից 570-ը հայկական են։
Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահման) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: