Ծիլքար–Ջրաշեն ճանապարհը փակ է. ՀՀ-ում 1 օրում ամսական նորմայի չափ տեղումներ են եղել

Նոյեմբերի 28-30-ը գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-8 աստիճանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. ՀՀ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղից մինչև Լոռու մարզի Ջրաշեն գյուղ (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Ավելի վաղ ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հյաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. հիմնականում Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում:
Ցիկլոնն արդեն Հայաստանում է. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Աշոցքում բուք է
Նշվում է, որ տվյալ հատվածը փակ է նոյեմբերի 27-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն էլ հայտնել է, որ ՀՀ մի շարք մարզերում (Արագածոտն, Լոռի, Արարատ) 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում:
«Նոյեմբերի 27-ի ժամը 07:00-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը Լոռիում եղել է 10-28 սմ, Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային գոտիներում՝ 15-30 սմ, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային հատվածներում՝ 10-20 սմ, իսկ Երևանի բարձրադիր գոտում՝ 5-10 սմ: Նոյեմբերի 27-ի ցերեկը և 28-ին ցիկլոնը կկորցնի իր ուժը, սակայն ՀՀ առանձին շրջաններում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն»,-ասված է հաղորդագրությունում:
ՊՈԱԿ-ից նաև նշում են, որ նոյեմբորի 28-30-ը գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կսկսի նվազել ևս 5-8 աստիճանով:
Հիշեցնենք, որ դեռ ժամը 9-ի դրությամբ փակ էին Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը, այդ թվում` Սպիտակի ոլորանները, դժվարանցանելի էին բոլոր տրանսպորտային միջոցների համար, իսկ Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, ինչպես նաև Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի բեռնատարների, իսկ Դիլիջանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների համար։
Հզոր ցիկլոն Մոսկվայում. ծառերի տապալվելու հետևանքով 4 մարդ է տուժել
Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզում, բացի Ամասիայի տարածաշրջանից, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Վայոց Ձորի մարզում, Չարենցավան, Հրազդան, Սիսիան քաղաքներում, Տիգրանաշենի ոլորաններում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին էլ ձյուն էր տեղում:
Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջաններում, Ճամբարակ քաղաքում, Արագածի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում էլ մառախուղ է եղել: