ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Արագածոտնի մարզի Ծիլքարից մինչև Լոռու մարզի Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար այդ հատվածը փակ է։ Արագածից մինչև Ծիլքար ավտոճանապարհին բուք է»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի (Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներ), Աշոցքի, Սևանի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքում, Տաթև-Լծեն, Արագածից մինչև Ծիլքար ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Նշենք, որ առատ ձյուն և բուք է դեռ նոյեմբերի 26-ից, և ժամը 15։24-ից սկսած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 տրանսպորտային միջոց և 141 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: