ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՌԴ-ն դրական է վերաբերվում այն համաձայնագրերին, որոնք կարող են դադարեցնել բռնությունը, բայց դրանք պետք է գործող լինեն: Այս հայտարարությունն արել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ պայմանավորվածությունը:
«Դրական ենք վերաբերվում ցանկացած համաձայնագրի՝ հնարավոր կամ կնքված, որը թույլ կտա կանգնեցնել բռնության թափանիվը, դադարեցնել արյունահեղությունը Լիբանանում, կանխել ռազմական գործողությունների հետագա ընդլայնումը: Բայց դրանք պետք է իսկապես գործեն», – ասել է Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը կայունացնելու համար անհրաժեշտ է համապարփակ և արդար լուծում, որը հաշվի կառնի բոլոր կողմերի շահերը:
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն էր իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և հրթիռակոծում հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր էր մղում և չէր դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Նոյեմբերի 26-ին Լիբանանն ու Իսրայելը պայմանավորվել են հրադադար հաստատել, համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով 04: 00-ին: Գիշերվա ընթացքում Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Բեյրութին։ Սակայն վերջին ժամերին ո՛չ Իսրայելի, ո՛չ Լիբանանի կողմից հարձակումների մասին հաղորդագրություններ չեն եղել։