ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո քննչական կոմիտեում ազատման դիմումների շարք է սկսվել հատկապես այն բանից հետ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր նախագահ կնշանակվի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Քյարամյանի հեռանալու օրը աշխատանքից ազատման դիմում է գրել ՔԿ իրավաբանական վարչության պետ Արթուր Վարդանյանը՝ ասելով, որ Քյարամյանի հեռանալուց հետո չի պատկերացնում իր հետագա աշխատանքը ՔԿ-ում։ Մեզ պատմեցին, որ ՔԿ-ում իսկական քաոս է առաջացել, երբ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ նոր նախագահը դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանն է։ Աննա Վարդապետյանի (ՀՀ գլխավոր դատախազ,–խմբ.) կառավարման ժամանակաշրջանում դատախազությունից դուրս եկած կադրերին Քյարամյանը սիրով ընդունում էր կոմիտե։ Այդ անձանցից ոմանք արդեն աշխատանքից ազատման դիմումներ են գրել, երբ իմացել են, որ Պողոսյանն է գալիս է ՔԿ»,–գրում է օրաթերթը։
«Հրապարակի» տեղեկություններով` ազատման դիմում է գրել նաև ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ Արսեն Սիմոնյանը, որը մոտ մեկ տարի առաջ էր դատախազությունից քննչական կոմիտե տեղափոխվել։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հենց Արթուր Պողոսյանի հետ կոնֆլիկտի պատճառով էր Սիմոնյանը հեռացել Դատախազությունից։ Կոնֆլիկտն այնքան լուրջ է եղել, որ Պողոսյանի անունը լսելուն պես նա դիմումը գրել է։
Նշենք, Սիմոնյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի եղբայրն է, որն օգոստոսի սկզբին պաշտոնից ազատման դիմում գրեց և լքեց դատական համակարգը։
Լրատվամիջոցին ՀՀ քննչական կոմիտեից հաստատել են պաշտոնյաների՝ աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին տեղեկությունը:
Միևնույն ժամանակ, այսօր առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը շտապել է տեղեկացնել, որ ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա։
Նա ընդգծել է, որ կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս քաոտիկ ազդեցություն ունենալ։