ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Պետական պատվերի շրջանակներում հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալն ընդլայնվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ցանկը կընդլայնվի 2024թ. դեկտեմբերի 1-ից և կիրականացվի նաև գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ, թիրեոտրոպ հորմոնի որոշում, Բ խմբի ստրեպտոկոկի որոշում:
«Այս հետազոտություններով հայտնաբերվող շեղումները հաճախ անախտանիշ են, և բժիշկն առերեսվում է դրանց հետևանքների հետ։ Ուստի թիրախային խմբերի վաղ հայտնաբերումը կնպաստի հղիության և ծննդաբերության անհատական վարման պլանի մշակմանը, հղիության բարեհաջող ելքերի, անվտանգ ծննդաբերության և առողջ երեխաների ծնունդին»,- ասված է հաղորդագրությունում:
Նախկինում այս հետազոտությունները պետական պատվերի շրջանակներում չեն իրականացվել կամ իրականացվել են միայն ցուցումների դեպքում: Այժմ, պետական պատվերի շրջանակներում նախածննդյան հսկողության ընթացքում սահմանված ժամկետներում բոլոր հղիները կանցնեն նշված հետազոտություններն` անկախ ցուցումների առկայությունից:
Փոփոխությունը կնպաստի նաև վերարտադրողական կորուստների նվազեցմանը, այդ թվում՝ վիժումների, պտղի ներարգանդային մահվան դեպքերի (մեռելածնության) կանխարգելմանը և նորածնային մահացության նվազեցմանը: